Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աճուրդները կրում են ձևական բնույթ

Աճուրդները կրում են ձևական բնույթ
08.05.2009 | 00:00

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ-ՕՏԱՐՈՒՄ
Դեռևս հողերի սեփականաշնորհման մեկնարկի ժամանակ՝ 1991-ին, համայնքներին որպես սեփականություն թողնվեց հողային ֆոնդի 20 տոկոսը՝ ընդլայնվելու և համայնքային նշանակության այլ խնդիրներ լուծելու համար։ Համայնքի ղեկավարին իրավունք է վերապահված անհրաժեշտության դեպքում այդ հողերը սեփականաշնորհել, սակայն տարիների փորձը վկայում է, որ սեփականաշնորհման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ։
Վերջերս կառավարության նիստի ժամանակ համայնքային հողերի օտարման խնդրին և բացահայտված չարաշահումներին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Համայնքներում չեն ապահովվում տարրական կանոնները, և ՀՀ վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները վկայում են, որ մարդիկ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքային բյուջեն համալրելու նպատակով, այլ անձնական շահերից ելնելով»,- հայտարարեց վարչապետը։ ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման դրսևորումներն առկա են ոչ թե մեկ կամ երկու մարզերում, այլ կրում են համատարած բնույթ։ Ավելին, ստուգումների ընթացքում չի հայտնաբերվել թեկուզ մեկ համայնք, որտեղ հողերի սեփականաշնորհման գործընթացում խախտումներ թույլ տրված չլինեն: Այդ է պատճառը, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի սեփականաշնորհման գործում կառավարությունը որոշել է փոխել խաղի կանոնները. այս բնագավառում պաշտոնյաների չարաշահումները կանխելու նպատակով շահագրգիռ նախարարությունների և ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ պետք է պատրաստի օրենսդրական փոփոխությունների փաթեթ։
Հավանաբար, անհրաժեշտ է ոչ միայն խիստ գնահատականներ տալ խախտումներ թույլ տված պաշտոնյաներին, այլև հողերի սեփականաշնորհման գործընթացում իրականացնել կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, զսպելու համար այն ռիսկերը, որոնք այսօր առկա են։
Մինչ խնդրի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեսակետին և ձեռնարկվելիք քայլերին անդրադառնալը մի քանի օրինակներով տեսնենք, թե ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ ինչ բացահայտումներ է արել ՀՀ վերահսկիչ պալատը։ Այսպես, Արարատի մարզի առանձին համայնքներում հողերի տրամադրման, ինչպես նաև օտարման գործընթացն իրականացվել է օրենսդրության խախտումներով, իսկ առանձին դեպքերում` հողերի ոչ նպատակային օգտագործումով, որի պատճառով համայնքների բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտներից: Բացի այդ, հողօգտագործողները խախտել են պայմանագրային պարտավորությունները, որի դիմաց հաշվարկվել է 3116,0 հազ. դրամ տույժի գումար, իսկ օտարման ժամանակ պակաս է հաշվարկվել և վճարվել համայնքի բյուջե 281,6 հազ. դրամ: Մասնավորապես, Մասիս համայնքը 2006, 2007 և 2008 թվականների առաջին ինն ամիսներին ուղղակի վաճառքի եղանակով օտարել է 5835,9 քմ հողատարածք, չի վճարել 40,0 քմ հողի արժեք` 117,0 հազար դրամ, պակաս է հաշվարկել և վճարել 80,0 քմ հողի արժեք` 164,6 հազար դրամ, ընդամենը` 281,6 հազար դրամ: Վիճակն ավելի ծանր է Գեղարքունիքի մարզում։ Մի շարք համայնքներ հողերի օտարումից համայնքային բյուջե պակաս են վճարել 12515,4 հազար դրամ:
Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աչքի առաջ տեղի են ունեցել այս խախտումները, և ի՞նչ է ձեռնարկվում նման չարաշահումները բացառելու ուղղությամբ։ Պարզվեց՝ այս հարցը բավականին բարդ էր նախարարության աշխատակիցների համար։ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից նախ պատասխանեցին, ապա խնդրեցին մեկ-երկու օր սպասել՝ առավել ամբողջական և հանգամանալի տեղեկատվություն տրամադրելու համար։ Հարգեցինք մեր գործընկերների խնդրանքը և որոշեցինք սպասել։ Սակայն մեկ-երկու օրը ձգձգվեց մոտ երկու շաբաթ, իսկ հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ հարցը վերահասցեագրել են նախարարության ֆինանսատնտեսագիտական ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ Հայկ Գալստյանին։ Պարոն Գալստյանն էլ մեզ պատասխանեց, որ իրենք որոշել են լրջագույնս ուսումնասիրել հարցը, որի համար կպահանջվի ևս տասն օր։ Ընդ որում, չի բացառվում, որ հանգամանքների բերումով այդ տասն օրը դարձյալ երկարաձգվի։ Ժամանակին նման պրակտիկա որոշ գերատեսչություններ կիրառում էին, և հիմնականում նպատակն այն էր, որ լրագրողները հոգնեն-ձանձրանան ու այլևս հրաժարվեն իրենց դիմելու մտադրությունից։ Վերջին շրջանում, սակայն, կարծես թե այդ արատավոր պրակտիկան չէր գործում, և նախարարություններն ավելի օպերատիվ ու պատրաստակամ էին։ Հիշեցնենք պարոն Գալստյանին, որ լրատվամիջոցների գործունեության առանձնահատկություններից մեկն էլ օպերատիվությունն է, և մենք ուղղակի չենք կարող սպասել շաբաթներ ու ամիսներ, որպեսզի նա կատարի, ինչպես ինքն ասաց, իր գիտական ուսումնասիրությունը, ուստի մեզ իրավունք ենք վերապահում ընթերցողին ներկայացնել տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հարցի վերաբերյալ մեզ տրամադրված պատասխանը, որտեղ նշված է, որ այն, ինչի մասին ահազանգում է ՀՀ վերահսկիչ պալատը, տևական ժամանակ նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության քննարկման առարկան է: «Այդ իսկ պատճառով նախարարության կողմից ՀՀ-ում իրականացված հողերի աճուրդային վաճառքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծման գործընթացն առաջին անգամ իրականացվել է 2008-ին: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2008-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության 10 մարզերում աճուրդով տեղի է ունեցել հողերի 5690 վաճառք, որոնցում մասնակիցների միջին թիվը կազմել է ընդամենը 2 անձ: Աճուրդների արդյունքում համայնքների բյուջեներ մուտքագրվել է շուրջ 17472,6 մլն դրամ: Արձանագրվել է 15 դեպք, երբ հողերի աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն գնից ցածր, մասնավորապես, Վայոց ձորի մարզում` 6, Արագածոտնի մարզում` 5 և 2-ական դեպք` Արարատի ու Գեղարքունիքի մարզերում: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանձնարարել է մարզպետներին միջոցներ ձեռնարկել ՀՀ օրենսդրության շրջանակներում արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ մեծ մասամբ աճուրդները տեղի են ունեցել ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին համապատասխան` մեկնարկային գին սահմանելով հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային և ծայրամասային համայնքներում` 30 տոկոսից բարձր: Այլ խնդիր է, որ հողերի կադաստրային և շուկայական արժեքները շատ դեպքերում միմյանցից խիստ տարբերվում են, և իրականացվող աճուրդներն էլ, որպես կանոն, կրում են զուտ ձևական բնույթ»,- փոխանցեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ։ «ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համատեղ մշակել ու ՀՀ կառավարություն են ներկայացրել անհրաժեշտ առաջարկություններ` հողերի կադաստրային արժեքների վերանայման վերաբերյալ, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում: Մասնագիտական քննարկման փուլում է նաև ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գործող 16 գոտիները 22-ը դարձնելու նպատակահարմարությունը, որպեսզի խոշոր համայնքներում հողերի գնահատումն իրականացվի տարբերակված:
Տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, որոնցով կուժեղացվի մարզպետների կողմից իրականացվող վերահսկողության գործառույթը, մասնավորապես, համայնքի ղեկավարի որոշումը, որով հաստատվում են աճուրդի արդյունքները։ Օրենսդրության անկատարության պատճառով շատ դեպքերում այդ որոշումը չի ներկայացվում մարզպետարան, և, հետևաբար, մարզպետն ի վիճակի չի լինում պատշաճ հսկողություն իրականացնել: Այդ պատճառով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, ըստ որի, բացի վերը նշված հանգամանքից, լուծում կտրվի նաև այն խնդրին, որը վերաբերում է գործադիր մարմինների և ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաև համայնքների սեփականություն հանդիսացող գույքի օտարումների վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կերպով համայնքի ավագանու քննարկման առարկա դարձնելուն»:
Վերոնշյալ խնդրի վերլուծության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն առաջիկայում կտեղադրվի ՀՀ տարածքային կառավարման նախարարության էլեկտրոնային կայքում:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3647

Մեկնաբանություններ